суббота, 27 октября 2012 г.


Լռություն է, խորունկ...խորհրդավոր...Ամեն ինչ է լռել...Եվ լռել է այնպես, ինչպես բառարանում բառն է լռում...Ինչպիսի՜ ուրույն նկարագիր է տվել բանաստեղծն իմ այսօրվա զգացումներին: Կարծես բանաստեղծությունը գրելիս զգացել է այն ամենը, ինչն այսօր ես եմ զգում: Ամեն ի՜ինչ է լռել...Գիտե՞ք ինչպիսին է այս լռությունը: Այն ճերմակազգեստ կնոջ տեսքով եկել ու հարմար տեղավորվել է կողքիս: Զգեստները ճերմա՜կ-ճերմակ են, ինչպես իմ անուրջներն ու երազները:Ասում են՝ լռությունն ավելի պերճախոս է: Փորձեք լսել լռությունը և կհասկանաք, որ դա շատ ավելի լուրջ և կարևոր է, քան ամենասրտագրավ մեղեդին լսելը: Դա էլ մի մեղեդի է, որն սնձայն է, նախորդում կամ հաջորդում է ձայնին, լրացնում նրան, դառնում նրա բաղադրիչը: Սակայն լռությունը երբեմն խեղդող է լինում: Կարծես բանաստեղծն էլ է հասկացել այն խոր կսկիծը, որն առել է սիրտս ու հոգիս իր կապանքների մեջ ու դաժանորեն լլկում է, դարձնում իր անբարբառ հպատակը: Այս անտանելի լռուլյունից ազատվելու՞ համար, թե՞ հոգուս ճիչը լռեցնելու համար մոտենում եմ գրապահարանին ու գրքերի արանքից հանում քո նվիրած Վահան Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն: Թերթում եմ ու հիշում քո սիրած բանաստեղծությունները...Այնտեղ աշուն է...Մեր սիրած եղանակը, թափվող տերևները՝ գույնզգու՜յն,գեղեցի՜կ...ու այն այգին: «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար...»: Տերյանական քո սիրած բանաստեղծությունը,որ միշտ ինձ էիր նվիրում...Եվ ինչքա՜ն խորություն ու վեհություն կա առաջին հայացքից հասարակ թվացող այս տողերի մեջ: Ինչքա՜ն զգացումներ,հույզեր ու վառ երազներ...թախիծ ու մարդասիրություն...Օ՜, այս ի՞նչ է...Հանկարծ էջերի արանքից գտնում եմ քո նվիրած վերջին ձնծաղկի թերթերը...Ինչե՜ս էի մտահան արել...Նրանք զարմանալիորեն պահպանել են իրենց քնքուշ բույրը: Եվ ինչքա՜ն գեղեգիկ են...նու՜րբ, քնքու՜շ, անմեղ ու մեղավոր: Այդ նուրբ բույրը հիշեցնում է նրան, ու հոգիս փոթորկվում է, ինչպես այն նվիրական պահերին, երբ նա իմ կողքին էր: Ես ըմբոշխնում եմ այդ բույրն այն համոզումով, որ իմ առաջին սիրո բոլոր հուշերն այդ բույրն են ունենալու...
Մնաս բարո՜վ, առաջի՛ն սեր...
Մնաս բարո՜վ, պատանեկությու՛ն...

Комментариев нет:

Отправить комментарий