суббота, 27 октября 2012 г.


Դպրոցական թոհ ու բոհից ազատված, ծնողներս որոշեցին ինձ ճամբար ուղարկել: Սկզբում չէի ցանկանում կտրվել ընկերական շրջապատիցս և գնալ մի վայր, որտեղ բոլորն ինձ համար անծանոթ էին, բայց շուտով մի փոքր մտածելուց հետո հասկացա, որ ինձ պակասում են արկածներ և որոշեցի գնալ: Ես չսխալվեցի: Ինձ իսկապես սպասվում էր արկածներ, բայց երանի երբեք էլ հանդիպած չլինեի դրանց:
Ճամբար հասնելուն պես ծանոթացա լավ մարդկանց հետ: Մի քանի օր անց ընտելացա մարդկանց և տարածքի հետ այնպես, կարծես մանկուց այնտեղ էի մեծացել: Սովորական մի օր, երբ կրկին գնացել էինք արշավանքի պատահաբար հանդիպեցի << նրան >>: Բարձրահասակ, նուրբ դիմագծերով, գեղեցիկ մի տղա էր: Ամբոխի միջից հենց նա գրավեց ուշադրությունս: Սխալ կլինի ասել, որ դա սեր էր առաջին հայացքից, բայց ասել, որ անտարբեր անցա նրա կողքով, անկարող եմ: Ամբողջ օրը չկարողացա նրան մոռանալ: Նրա նուրբ դեմքի գեղեցիկ ժպիտն անընդհատ աչքերիս առաջ էր: 
Այդ օրվանից անցավ մոտ մեկ շաբաթ: Ես նրան այլևս չէի տեսնում, սակայն շարունակում էի մտածել նրա մասին: Սկսել էի մտածել, որ նա արդեն տուն է վերադարձել:
Անցավ մի քանի շաբաթ ևս: Ես գրեթե դաթարել էի նրա մասին մտածելուց: Նույնիսկ մոռացել էի նրա գոյության մասին: Մի օր հայտարարեցին, որ խնջույք է լինելու: Ես գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ մի հասարակ շրջազգեստ հագիս գնացի այնտեղ: Ամեն ինչ կազմակերպված էր շատ լավ: Բոլորը պարում էին բացի ինձնից: Չկար մեկը, որն ինձ պարի հրավիրեր: Ինձ ավելորդ զգալով այդ խնջույքում որոշեցի վերադառնալ իմ սենյակ: Արդեն հասել էի դռների մոտ, երբ ինչ-որ մեկը բռնեց ձեռքս և ասաց.
- Մի գնա:
Շրջվեցի և տեսա, որ դա << նա >> էր: Ակամա ձեռքս հետ քաշեցի, բայց երբ տեսա նրա վախեցած  դեմքի արտահայտությունը մեղմ ժպտացի:
-Կպարե՞ս ինձ հետ:
Ես չկարողացա ոչինչ ասել: Նրա այդ մեկ նախադասությունից ես մոռացա գնալու մասին: Անկեղծ ասած ամաչում էի ասել, որ ցանկանում եմ պարել, ուստի որպես համաձայնության նշան ձեռքս մեկնեցի դեպի իրեն:
Մենք պարեցինք: 
Պարելու ընթացքում մարմինս փշաքաղվում էր: Սիրտս այնպես էր բաբախում, կարծես ուզում էր դուրս թռչել տեղից: Ես սիրահարվել էի: Նա նույնպես: Ինքն ինձ այդ մասին չէր ասում, բայց ես զգում էի: Նրա աչքերը մատնում էին իրեն:
Մենք բավականին երկար ժամանակ շփվեցինք ճամբարում: Անցան ամառային երեք պայծառ ամիսները: Բաժանումը շատ դժվար էր: Ես ոչ մի կերպ չէի ցանկանում հեռանալ նրանից: 
Ի վերջո երկուսս էլ գնացինք մեր ճանապարհով: Մենք շարունակում էինք շփվել սոցիալական կայքերում: Եվ ահա մի օր ես ստացա հաղորդագրություն, որում մի գեղեցիկ սիրո խոստովանություն էր գրված: Ես անբացատրելի ուրախ էի: Ամբողջ աշխարհն իմն էի: Կյանքս նոր գույներ էր ստացել: Ես շարունակում էի ապրել երկնքում մինչև այն պահը երբ...
Առավոտ էր: Աչքերս բացեցի և նստեցի համակարգչի դիմաց: Այցելելով իմ էջ զարմացա: << Նա >> այլևս չկար ընկերներիս ցուցակում : Փոխարենը կար նրա քրոջից ուղարկված նամակ.
<< Ամեն ինչ վերջացավ....ձեր սիրավեպը վերջացավ: Մի փնտրիր նրան: Մոռացիր և ապրիր քր կյանքով : Նա արդեն ուրիշին է սիրում և ամեն ինչ այնքան լուրջ է, որքան երբևէ>>:
Նամակը տեսնելով հայացքս սառեց: Մի քանի տասնյակ անգամ կարդացի այդ դաժան նամակը: Ոչ մի կերպ չէի ցանկանում հավատալ սեփական աչքերիս:
Ամեն բան վերջացավ: Նա ինձ ստիպեց երջանկությունից բարձրանալ երկինք, ինքն էլ ստիպեց ցավից վայր ընկնել այդ նույն երկնքից: 
Անցավ բավականին երկար ժամանակ: Ես այդպես էլ ոչինչ չլսեցի նրա մասին: Ինձ համար չկար այլևս իմ հին կյանքը: Իմ բառապաշարից ջնջվել էր սեր, երջանկություն, ընտանիք բառերը: Դեմքիցս անվերադարձ գնացել էր իմ այդքան սիրելի ժպիտը:
Տարիներ շարունակ ես միայն մի բան էի գիտակցում: Նա այնքան թույլ մարդ էր, որ չկարողացավ ինքն ինձ ասել այդ մասին, և ես այնքան թույլ էի, որ նա կարողացավ հիմնովին ավերել կյանքս ու հեռանալ:

Комментариев нет:

Отправить комментарий