вторник, 16 октября 2012 г.


Ամեն անգամ տեսնում եմ պատմություններ, գրվածքներ մայրերի մասին և ամեն անգամ ապշում եմ: Մի՞թե մեր ծնվելու մեջ միայն մեր մայրերն են «մեղավոր»: Կա ևս մեկ «մեղավոր»: Մի՞թե մենք միայն մեկ ծնող ունենք: Իսկ մեր հայրերը...Չէ որ մեր ծնվելու պահին նրանք այնքան հուզված, արցունքով լի աչքերով անցուդարձ էին անում ծննդատան պատուհանների մոտով և մեր առաջին ճիչով ուրախացած` հենց նրանք են առաջինը խմել մեր կենացը:  Նրանք այնքան վախեցած, դողդղացող ձեռքերով գրկել են մեզ` վախենալով մի փոքր ցավ անգամ պատճառել մեզ: Մեր կյանքի բոլոր վճռական պահերին մեր հայրերն են մեզ թիկունք եղել, մեզ հետ հուզվել, մեզնով հպարտացել, խորհուրդ տվել, երբեմն էլ բարկացել:Այնքան մեծ է մեր հայրերի դերը մեր դաստիարակության գործում: 

Ինչքան մեծ ուրախություն կար նրանց աչքերում, երբ մենք` դեռ փոքրիկ մանուկ, առաջին ինքնուրույն քայլերն էինք անում: Ինչքան հպարտ էին նրանք մեզ նայում, երբ մենք գնում էինք առաջին դասարան: Իսկ երբ անցնում էին տարիները , նրանք հոգատար հետևում էին մեզ, պաշտպանում, օգնում: Դու իմ հպարտություն, իմ կյանքի իմաստ,,, Պա´պ ջան, ես երջանիկ եմ քեզնով, ես ուժեղ եմ քո բազկի ուժով, ես հպարտ եմ, որ կաս իմ կյանքում: Իմ ամենալավ ընկեր, դժվար պահերին ինձ ապրումակցող, ինձ թև ու թիկունք, հա´յր իմ...Ես երջանիկ եմ, որ իմ ու քո մեջ չկա դարավոր «հայր ու որդիների», սերունդների կռիվը... Երջանիկ եմ, որ հանգիստ կարող եմ ասել. «Պա´պ, ես սիրահարվել եմ», «Պա´պ, ես ընկեր ունեմ», «Պա´պ, մենք վիճել ենք», «Պա´պ, ես սիրում եմ նրան և ներեցի», «Պա´պ, ես ամուսնանում եմ», «Պա´պ, դու պապիկ ես դառնալու»: Պա´պ ջան, ներիր ինձ արած ամեն չարաճճիության համար: 
Ներիր, որ  մազերիդ ճերմակը իմ մեղքն է կրում: Պա´պ ջան, մա´մ ջան, ես ձեզ այնքան շատ եմ սիրում: Տե´ր իմ, խնդրում եմ, պահապան եղիր դու նրանց, թույլ տուր, որ անցյալիցս ներկա հասցրած իմ ծնողներին տեսնեմ ապագայիս չգրված էջերի հենց գլխամասում:

Комментариев нет:

Отправить комментарий