Քո աղջկան իմ անունով չկոչես
Որ ձայնիդ մեջ ու շուրթերիդ չլինեմ
Քնքշանքներիդ գորովանքի՜դ հետ չլինեմ
Քո տան շեմին, օջախիդ մեջ չլինեմ
Քո աղջկան իմ անունով չկոչե՛ս
Որ ինքդ քեզ հանկարծ մի օր չմատնես
Որ քո կինը չհասկանա՜ քո սուտը
Որ նա երբեք ձեր մեջ չզգա իմ շո՜ւնչը
Քո աղջկան իմ անունով չկոչես
Որ նրա մեջ դու ինձ երբե՜ք չփնտրես
Եվ աչքերում նրա դու ինձ չտեսնես,
Որ անունս երբեք վախով չկանչե՜ս:
Քո աղջկան իմ անունով չկոչես
Որ իմ հոգին հանդա՜րտ լինի ամենուր,
Որ ամեն օր աչքերս հանգիստ բաց անեմ
Վստահ լինեմ, որ անունս չես տալու..
Комментариев нет:
Отправить комментарий